Վշտակցում ենք. Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհվել է Թալին քաղաքի քաղաքացիական հասարակության ակտիվիստ Միհրան Ասատրյանը

366

13 սեպտեմբերի 2022թ.

Միհրանը Ասատրյանը արդարամիտ ու ազատասեր, քաջ, լայնախոհ, հայրենասեր ու լուսավոր երիտասարդ էր: Նա Թալինի քաղաքապետի խորհրդականն էր, Pro Armenia հասարակական կազմակերպության ղեկավարը: Նա ակտիվորեն ներգրավված էր Թալին խոշորացված համայնքի զարգացմանը, տեղի հասարակության եւ տեղական ինքնակառավարման մարմնի ժողովրդավարացմանը:

Նրա վերջին գործը Արագածոտնի մարզի Զովասար գյուղի դպրոցի վերանորոգման աշխատանքների կազմակերպումն էր, որի համար դրամահավաք էին կազմակերպել եւ ԱՄՆ հայ համայնքի շնորհիվ հայթայթել անհրաժեշտ գումարը:

Նա մշտապես սատարում էր Արագածոտնի մարզի երիտասարդության կրթությանն ու քաղաքացիական զարգացմանն ուղղված քաղաքացիական տարատեսակ նախաձեռնութուններին, միշտ առանձնանում էր իր հավասարակշռված եւ լայնախոհ մոտեցումներով, վայելում էր իր ընկերների, աշխատակիցների, համայնքի բնակչության անսահման սերն ու հարգանքը:

Ադրբեջանի սանձազերծած թե՛ 2016-ի եւ թե՛ 2020թ.-ի պատերազմներին մեկնել էր որպես կամավոր եւ մասնակցել խաղաղ բնակչության պաշտպանությանն ուղղված մարտերին: Այս անգամ եւս Ադրբեջանի հարձակման լուրն առնելու պես մեկնեց առաջնագիծ եւ զոհվեց դեպի հարձակման ենթարկված հայկական դիրքեր ընկած  ճանապարին:

Հավերժ փառք հերոսին!

Հանգչիր խաղաղությամբ, սիրելի Միհրան, որի համար զոհաբերեցիր կյանքդ…