Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի ուղերձը Արեւելյան գործընկերության նախարարական ոչ պաշտոնական հանդիպման մասնակիցներին

867
17 նոյեմբերի , 2016
Երեւան

Մեծարգո պարոն ԵՄ Հանձնակատար, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ, նախարարաներ, գործընկերներ,

Թույլ տվեք իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի անունից ձեզ ուղերձ հղելու հնարավորություն ընձեռելու համար:

Եվրոպական հարեւանության քաղաքականության վերանայված տարբերակի իրագործումից մեկ տարի անց Արեւելյան գործընկերության (ԱլԳ) տարածաշրջանը պետք է մնա առաջնահերթություն ԵՄ-ի համար: Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան կարողացան հասնել Եվրամիության հետ զգալի քաղաքական եւ տնտեսական մերձեցման՝ ստորագրելով Ասոցացման ու Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագրերը, մինչդեռ Հայաստանի, Ադրբեջանի եւ Բելառուսի կառավարությունները ընտրեցին Եվրոպայի հետ համագործակցության այլ ուղի: Մենք պետք է այս կառավարությունների հետ բանակցություններում օգտվենք համագործակցության մեծացման համար նոր Շրջանակային համաձայնագրի եւ այլ նախաձեռնությունների շուրջ եղած դրական ազդակներից: Քաղաքացիական հասարակության ներուժը պետք է լիովին օգտագործվի ԵՄ ներկայացուցիչների եւ ԱլԳ կառավարությունների միջեւ քննարկումների ժամանակ: ԵՄ-ն պետք է համապատասխան միջոցներ ապահովի նման ներգրավվածության համար:

Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի եվրոպական մերձեցումը հատկապես կարեւոր է այս երկրների բնակիչների, քաղաքացիական հասարակության եւ տարածաշրջանի մնացած երկրների համար: Այս առումով Վրաստանի եւ Ուկրաինայի համար վիզաների ազատականացման գործընթացի վերջնականացումը կնպաստի  եվրոպական արժեhամակարգի խթանմանը: Մենք մեր աջակցությունն ենք հայտնում ԵՄ դեսպաններին՝ այդ գործընթացը հնարավորինս շուտ ավարտելու հարցում:

ԵՄ-ն կանգնած է մի շարք մարտահրավերների առջեւ՝ կապված միլիոնավոր փախստականներին մարդասիրական օգնություն տրամադրելու անհրաժեշտության, ինչպես նաեւ եվրոսկեպտիցիզմի մեծացման հետ, որ երբեմն թեժացվում է դրսից: ԱլԳ երկրները իրենց բաժին աջակցությունն են առաջարկում այս մարտահրավերներին լուծումներ տալու համար:  Սիրիացի փախստականների հյուրընկալելու թվով Հայաստանը բնակչության մեկ շնչին ընկնող հաշվարկով երրորդն է: Հակամարտության սկզբից ի վեր 18,000 սիրիացի է ներգաղթել Հայաստան՝ համաձայն ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, դա կազմում է՝ 1000 բնակչին 6 սիրիացի փախստական: Ուկրաինայում ընթացող պատերազմի սկզբից ի վեր Բելառուսը դարձել է շուրջ 160 հազար ուկրաինացի փախստականների հանգրվանը:

ԱլԳ տարածաշրջանը մարտադաշտ է նաեւ ռուսական քարոզչական գործողությունների համար, եւ թերեւս հենց դա կարող է լինել ճիշտ լուծումներ գտնելու բանալին: Մեր երկրները ԵՄ-ի առջեւ ծառացած մարտահրավերների լուծման մասն են  եւ չպետք է մղվեն ԵՄ քաղաքական օրակարգի հետին պլան:

ԱլԳ տարածաշրջանը ոչ միայն վիրտուալ ռազմադաշտ է, այլ նաեւ՝ իրական: Դոնբասում զինված հակամարտությունը եւ Ղրիմի բռնակցումը, ինչպես նաեւ այս տարվա ապրիլին Լեռնային Ղարաբաղում քառօրյա պատերազմը կարող են վտանգել ողջ եվրոպական մայրցամաքի կայունությունը: Ղրիմը վերածվում է ռազմական բազայի՝ դառնալով ուղղակի վտանգ Եվրոպայի անվտանգությանը: Պետք է խրախուսել հակամարտությունների խաղաղ լուծմանն ուղղված զանազան ջանքերը: Մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Վիեննայի համաձայնագրերը, որոնք նախատեսում են հրադադարի ռեժիմի ուժեղացում՝ ներառյալ շփման գծից դիպուկահարների դուրսբերում,  հրադադարի ռեժիմը խախտողներին պարզելու համար մշտադիտարկման առաքելության ուժեղացում եւ հետաքննական մեխանիզմների ներդնում, պետք է հնարավորինս շուտ իրականացվեն:

Մեծարգո պարոն  Հանձնակատար, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ, նախարարաներ, գործընկերներ,

Արեւելյան գործընկերության երկրներում քաղաքացիական հասարակությունը եղել է այս երկրների ժողովուրդների՝ հանուն ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պայքարի շարժիչ ուժը: Երիտասարդները կազմում են ԱլԳ երկրների հասարակությունների զգալի մասը, Մոլդովայում՝ 25%-ից մինչեւ Ուկրաինայում՝ 31%, եւ բոլորի վրա ազդում են այնպիսի ընդհանուր մարտահրավերներ, ինչպիսիք են գործազրկության բարձր մակարդակը եւ խտրականության տարատեսակ դրսեւորումները: Ցավոք, երիտասարդությունը պատշաճ ներկայացված չէ քաղաքական գործընթացներում: Երիտասարդները պետք է դառնան ԱլԳ երկրներում քաղաքականության իրական ձեւավորողները: 2016թ. հոկտեմբերին ԱլԳ ՔՀՖ-ի կազմակերպած Արեւելյան գործընկերության «Երիտասարդությունը հանուն իրավունքների» երիտասարդական կոնֆերանսը մեկտեղել էր Արեւելյան գործընկերության երկրների, Ռուսաստանի եւ ԵՄ երկրների ավելի քան 120 երիտասարդ ակտիվիստների, որոնք մշակեցին առաջարկություններ՝ ուղղված քաղաքական հարթակներում (ներառյալ բնապահպանություն եւ աշխատանքի շուկա) երիտասարդների առավել մեծ ներգրավվածությանը:

Հատկապես մտահոգիչ խնդիր է իշխանությունների կողմից իրականացվող հետապնդումը քաղաքացիական եւ քաղաքական ակտիվիստների նկատմամբ: Ուկրաինայի դեպքում՝ նրա քաղաքացիներին երկրի տարածքից առեւանգել եւ բանտարկել են ռուսական իրավապահ մարմինները: Հայաստանում, Ադրբեջանում եւ Բելառուսում իրենց իսկ քաղաքացիների նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում իշխանությունները: ԱլԳ ՔՀՖ-ն շարունակաբար պահանջել է բոլոր քաղաքական բանտարկյալների անհապաղ ազատ արձակումը եւ արդարացումը:

Իմ ընկերների եւ գործընկերների հետ միասին իմ քաղաքացիական դիրքորոշումը արտահայտելու համար խաղաղ ցույցին մասնակցելուց հետո ես նույնպես ձերբակալվեցի այս տարվա հուլիսի վերջին՝ բանտում անցկանցելով մեկ ամիս՝ շինծու քրեական մեղադրանքներով, որոնք հիմնված էին ոստիկանության երկու սպաների ցուցմունքերի վրա: Իմ եւ իմ գործընկերների նկատմամբ մեղադրանքները մինչեւ այժմ չեն կարճվել, եւ շատերը դեռ բանտում են: ԱլԳ ՔՀՖ-ն այս տարի ներկայացրեց նոր գործիք՝ կապված Հայաստանում վերջին զարգացումների հետ: Մեր մոնիտորինգային առաքելությունները կանոնավոր կերպով կայցելեն Արեւելյան գործընկերության երկրներ՝ միջազգային չափանիշների համապատասխան գնահատելու համար քաղաքացիական հասարակության, մամուլի, ինչպես նաեւ  մարդու իրավունքների  վիճակը։

Կոնկրետ երկրների վերաբերյալ մեկնաբանություններ

Հայաստանի հասարակությունը խիստ կարիք ունի ժողովրդավարական բարեփոխումների՝ որոնք միտված կլինեն նվազեցնելու կոռուպցիան եւ լուծելու քաղաքական եւ տնտեսական մենաշնորհների հարցերը:

Ադրբեջանի կառավարությունը երեք տարվա սահմանափակումներից հետո պետք է ջանքեր գործադրի բարեփոխելու քաղաքացիական հասարակության գործունեությունը կարգավորող օրենսդրությունը եւ վերականգնելու բարենպաստ միջավայրը ՔՀԿ-ների աշխատանքի համար: Կառավարությունը պետք է նաեւ աջակցի քաղաքացիական հասարակության՝ ԵՄ-ի հետ գալիք բանակցություններում ներգրավվածությանը:

ԵՄ-ն պաշտոնապես սկիզբ է դրել Բելառուսի հետ շարժունակության գործընկերությանը՝ միգրացիոն հոսքերի ավելի լավ կառավարում ապահովելու համար: Մինչ Բելառուսը սահմանի արդյունավետ կառավարմանն ուղղված ջանքեր է գործադրում, իշխանությունները պետք է առաջընթաց գրանցեն այլ կարեւոր պարտավորություններ կատարելու համար, այդ թվում՝ Բարձրագույն կրթության բարեփոխման ճանապարհային քարտեզը, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան, ինչպես նաեւ գործուն մեխանիզմներ գտնեն վերջերս ՄԱԿ-ի՝ Բելառուսի համար ընդունված առաջարկությունների միջգերատեսչական պլանի իրագործման համար: Օստրովեցում ատոմակայան կառուցելու գործընթացը անվտանգության եւ ապահովության առումով, ինչպես նաեւ բնապահպանության ոլորտում Բելառուսի ստորագրած այլ պարտավորությունների եւ կոնվենցիաների հետ դրա փոխկապակցվածությունը նույնպես հարցեր են առաջացնում քաղաքացիական հասարակության շրջանում: Սա նույնպես համապատասխան գործողություններ է պահանջում երկրի կառավարությունից:

Վրաստանը աչքի ընկավ խաղաղ եւ ժողովրդավարական ընտրական գործընթացով, եւ երկիրը շարունակական աջակցության կարիք ունի իր կապերը ԵՄ-ի հետ ամրացնելու համար:

Մոլդովայում վերջերս տեղի ունեցան ընտրություններ, որոնք հաստատեցին ԵՄ-ին աջակցության անկումը: ՔՀԿ-ներին եւ իրավապաշտպաններին տրամադրվող ֆինանսական եւ քաղաքական օժանդակությունը կարող են աստիճանաբար վերականգնել վստահությունը եվրոպական ժողովրդավարական արժեքների հանդեպ:

Ուկրաինայի կառավարությունը պետք է կենտրոնանա տնտեսական մարտահրավերները եւ կոռուպցիան հաղթահարելու վրա:

Շատ շնորհակալություն ուշադրության համար:

Ուղերձը ներկայացրեց ԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեի անդամ, 4-րդ աշխատանքային խմբի («Միջանձնային կապեր») համակարգող, «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի նախագահ Հովսեփ Խուրշուդյանը, Հայաստան: