Գլխավոր Լուրեր Բարձր մակարդակի քննարկում Աթենքում․ Հայաստանը եւ Եվրամիությանը նրա անդամակցելու գործընթացը․ մարտահրավերներ եւ...

Բարձր մակարդակի քննարկում Աթենքում․ Հայաստանը եւ Եվրամիությանը նրա անդամակցելու գործընթացը․ մարտահրավերներ եւ հեռանկարներ

47

Մարտի 29, 2026թ․, Աթենք

Եվրոպական խորհրդարանի հովանու ներքո գործող Europa Experience Athens սրահում, տեղի ունեցավ բարձր մակարդակի քննարկում՝ «Armenia and its EU Accession Process: Challenges & Prospects» թեմայով, որը կազմակերպել էր Հունաստանի երիտասարդ եվրոպացիների ասոցիացիայի (JEF Greece) Պիրեուս–Աթենքի տեղական մասնաճյուղը։

Միջոցառումը մեկնարկեց ողջույնի խոսքերով, որոնցով հանդես եկան Հունաստանի խորհրդարանի պատգամավոր, իշխող «Նեա Դեմոկրատիա» կուսակցության ներկայացուցիչ Միխալիս Լիվանոսը, Հունաստանի արտաքին գործերի նախարարության նախկին գլխավոր քարտուղար Յոաննիս Խրիսուլակիսը, Հունաստանի վարչապետի թվային հաղորդակցության հարցերով տնօրենի գրասենյակի ղեկավար Յիորղոս Տասիսը, Ատտիկայի փոխմարզպետ Էլեֆտերիա Մորայտակին, ինչպես նաև Հունաստանում Եվրոպական խորհրդարանի գրասենյակի ներկայացուցիչ Ֆիլիպոս Կամարիսը։ Բացման խոսքով հանդես եկավ նաև Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը՝ ընդգծելով միջոցառման կարևորությունը Հայաստան–Եվրոպական Միություն հարաբերությունների զարգացման և երկխոսության խորացման տեսանկյունից։

Միջոցառման հիմնական բանախոսների թվում էին Սիֆիս Կասեսյանը՝ գրող-հրապարակախոս, Հայ-Հունական հետազոտությունների կենտրոնի քարտուղար, և Ջորջ Մենեշյանը՝ միջազգայնագետ, որոնք իրենց ելույթներում անդրադարձան համապատասխանաբար Հայաստանի քաղաքական և ինստիտուցիոնալ բարեփոխումներին, ինչպես նաև Հայաստան–ԵՄ տնտեսական ինտեգրման և առևտրային համագործակցության հեռանկարներին։

Քննարկմանը հեռավար կարգով ելույթ ունեցավ նաև Հովսեփ Խուրշուդյանը՝ վերլուծաբան, «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության նախագահ։ Իր ելույթում Խուրշուդյանը ներկայացրեց Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացի վրա ազդող հիմնական աշխարհաքաղաքական և անվտանգային մարտահրավերները՝ ընդգծելով տարածաշրջանային զարգացումների ազդեցությունը երկրի ռազմավարական ուղղության վրա։ Նա շեշտեց, որ Հայաստանի եվրոպական ընտրությունը պահանջում է համապարփակ մոտեցում՝ ներառելով ինչպես ինստիտուցիոնալ բարեփոխումներ, այնպես էլ անվտանգության և արտաքին քաղաքականության ճկուն և հավասարակշռված ռազմավարություն։ Խուրշուդյանը նաև ընդգծեց, որ Եվրոպական Միության հետ համագործակցության խորացումը կարող է էականորեն նպաստել Հայաստանի դիմակայունության բարձրացմանը, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը և կայուն զարգացման ապահովմանը։ Նա կարևորեց նաև հասարակության, հատկապես երիտասարդության ակտիվ մասնակցությունը՝ որպես եվրոպական արժեքների տարածման և բարեփոխումների առաջմղման առանցքային գործոն։

Միջոցառմանը մասնակցում էին մի շարք ԵՄ անդամ պետությունների Հունաստանում հավատարմագրված դիվանագետներ, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, փորձագետներ, քաղաքացիական հասարակության անդամներ և ուսանողներ՝ ձևավորելով բազմակողմ և բովանդակային քննարկման միջավայր։