Մարտի 16, 2026թ․, Երեւան
Ընտրություններին արտաքին միջամտության վտանգը իրական է և կարող է արտահայտվել ընտրողների կազմակերպված ներգրավմամբ արտերկրից։
Հովսեփ Խուրշուդյան
FactorTV-ն զրուցել է «Ազատ Քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում են Հայաստանի ներքաղաքական բարեփոխումներն և արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունները։Հեղինակը քննադատում է իշխանության կադրային քաղաքականությունը Սահմանադրական դատարանում՝ շեշտելով դատական համակարգում համակարգային վեթինգի բացակայության վտանգները։ Տեքստում առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստան-Եվրոպական Միություն մերձեցման թեման, որտեղ հասարակական լայն աջակցությունը դիտարկվում է որպես երկրի ժողովրդավարացման և անվտանգության երաշխիք։ Միևնույն ժամանակ, զգուշացում է հնչում Ռուսաստանի կողմից պլանավորվող հնարավոր ընտրական դիվերսիաների և «ռուսամետ» ուժերի միջոցով ներքին կայունությունը խաթարելու փորձերի մասին։
Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ Հրայր Թովմասյանի դեպքում նախկինում հնչում էին քննադատություններ նրա կուսակցական կապերի վերաբերյալ, և, նրա դիտարկմամբ, նույն տրամաբանությամբ այժմ առաջադրված Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունն էլ խնդիրներ է առաջացնում։ Նա ասաց, որ Սահմանադրական դատարանը պետք է լինի անկախ մարմին, որտեղ չեն լինի կուսակցական ազդեցություններից կախված անձինք, իսկ նման նշանակումները կարող են վնասել դատարանի լեգիտիմությանը։Խուրշուդյանը կարծում է, որ Վարդանյանը նախկինում բացասական դիրքորոշում է ունեցել դատական համակարգի վեթինգի գաղափարի նկատմամբ։ Նրա խոսքով՝ վեթինգը պետք է ընդգրկեր ոչ միայն գույքային ստուգում, այլ նաև բարեվարքության գնահատում, ներառյալ նախկինում կայացված դատական որոշումների ուսումնասիրությունը։ Նա ընդգծեց, որ առանց այդպիսի մեխանիզմի՝ նախկինում կասկածելի որոշումներ կայացրած դատավորները շարունակում են պաշտոնավարել։
Վեթինգը պետք է տարածվեր ոչ միայն դատավորների, այլ նաև քննիչների և դատախազների վրա։ Նրա դիտարկմամբ՝ համակարգում պահպանվել են անձինք, որոնք նախկինում ներգրավված են եղել քաղաքական դրդապատճառներով գործերի մեջ, և դա պայմանավորված է այն հանգամանքով, որ վեթինգ չի իրականացվել։
Խուրշուդյանը հարցադրում արեց, թե ինչու է իշխանությունը ձգտում պետական մարմիններում նշանակել իր թիմակիցներին՝ նշելով, որ դա պետք է ունենա սահմաններ։ Նա կարծիք հայտնեց, որ հնարավոր է այլ, ավելի չեզոք և չկապակցված կադրերի ընտրություն։
Նա անդրադարձավ նաև Սահմանադրության փոփոխություններին՝ նշելով, որ քաղաքական ուժերի մեծ մասը շահագրգռված է պահպանել«սուպերվարչապետական» համակարգը։ Խուրշուդյանը դիտարկում է, որ խնդիրը ոչ թե համակարգի բնույթն է, այլ այն, թե ում ձեռքում է իշխանությունը։ Միևնույն ժամանակ, նա ընդունեց, որ անցումային փուլում այդ համակարգը որոշակի կայունություն է ապահովել։
Խոսելով սահմանադրական զարգացումների մասին՝ նա նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ ընդունված սահմանադրական մոդելները տարբեր փուլերում «գործել են իրենց ստեղծողների դեմ»՝ ցույց տալով, որ սահմանադրությունը ինքնուրույն ինստիտուտ է՝ իր հակակշիռներով։
Անդրադառնալով Անկախության հռչակագրին՝ Խուրշուդյանը նշեց, որ ավելի ճիշտ կլիներ որ նոր Սահմանադրությունից ոչ թե դրա հղումը հեռացնվեր, այլ հստակեցվեր, որ գործում են միայն այն դրույթները, որոնք չեն հակասում Սահմանադրությանը։ Նրա խոսքով՝ այդ մոտեցումը թույլ կտար պահպանել հռչակագրի խորհրդանշական նշանակությունը՝ միաժամանակ չեզոքացնելով իրավական հակասությունները։

Արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ Խուրշուդյանը նշեց, որ ակնհայտ է որոշ ընդդիմադիր գործիչների ռուսամետ դիրքորոշումը։ Նա նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի և Սամվել Կարապետյանի հայտարարությունները ցույց են տալիս այդ ուղղվածությունը։ Նրա խոսքով՝ հետախուզական մարմինների հայտարարությունները պարզապես արձանագրում են արդեն հայտնի իրողությունները։ Ընտրություններին արտաքին միջամտության վտանգը իրական է և կարող է արտահայտվել ընտրողների կազմակերպված ներգրավմամբ արտերկրից։ Նա նշեց, որ նման տեղեկություններ ունեցել է դեռևս ավելի վաղ և դրանք այժմ ավելի համակարգված են դարձել։ Միաժամանակ, նա ընդգծեց, որ նման գործընթացների ապացուցումը բարդ է՝ հատկապես այն պայմաններում, երբ տեղեկությունները գալիս են վախի մթնոլորտում գործող անձանցից։
Ընտրական գործընթացների վերաբերյալ նա նշեց, որ հնարավոր ներգրավվածության մասշտաբները կարող են սահմանափակվել նաև տեխնիկական գործոններով՝ մուտքի, տրանսպորտի և կազմակերպչական խնդիրների պատճառով։
Խոսելով քաղաքական դիսկուրսի մասին՝ Խուրշուդյանը նշեց, որ հանրության զգալի մասը աջակցում է եվրոպական ուղղությանը։ Նրա գնահատմամբ՝ քաղաքացիների մոտ 70%-ը դրական է վերաբերվում Եվրոպական միությունին ինտեգրմանը։ Նա ընդգծեց, որ այդ ուղղությունը պետք է դառնա քաղաքական օրակարգի կարևոր մաս։
Խուրշուդյանը նաև նշեց, որ իշխանությունները սկզբում թերահավատ էին եվրոպական ինտեգրման նախաձեռնությունների նկատմամբ, սակայն հետագայում, տեսնելով հանրային աջակցությունը, սկսել են ավելի ակտիվորեն առաջ տանել այդ գաղափարը։ Նրա խոսքով՝ նույնիսկ զգուշավոր ընտրողները կարող են ընդունել անդամակցության հայտ ներկայացնելու գաղափարը, եթե այն ներկայացվի որպես երկարաժամկետ գործընթաց։
Ամփոփելով՝ Հովսեփ Խուրշուդյանը կարծում է, որ առաջիկա ընտրությունները կարող են որոշիչ լինել Հայաստանի զարգացման ուղղության համար՝ հատկապես եվրոպական ինտեգրման տեսանկյունից, և քաղաքական ուժերը պետք է ներկայացնեն հստակ ծրագրեր այդ ուղղությամբ։
https://www.youtube.com/watch?v=m8Uxlt3wK90




