Գլխավոր Լուրեր Լրացավ “Լույսի քաղաք” ֆեյսբուքյան խմբի հիմնադրման 9-րդ տարին

Լրացավ “Լույսի քաղաք” ֆեյսբուքյան խմբի հիմնադրման 9-րդ տարին

Օգոստոսի 31, 2021թ․

Լրացավ մեր “Լույսի քաղաք” ֆեյսբուքյան խմբի հիմնադրման 9-րդ տարին։ Ստորեւ հիշեցման կարգով կրկին հրապարակում եմ խմբի նկարագրության մեջ առկա տեքստը, որը գրվել է 2012-ին։ Այն մասամբ հնացել է (ինչպես ասում են, իրողություններ են փոխվել), սակայն հիմնական մասը մնացել է արդիական։ Եւ պետք է շարունակել զարգացնել գաղափարը։ Այդ ուղղությամբ որոշ զարգացումներ կան, որոնց մասին կտեղեկացնեմ Ձեզ հաջորդիվ։

“ԼՈՒՅՍԻ ՔԱՂԱՔ / CITY OF LIGHT
ԿԱՌՈՒՑԵՆՔ ՄԵՐ ՀՈՒՅՍԵՐԻ ՔԱՂԱՔԸ

Հարգելի բարեկամներ,

Ահա մի գաղափար, որը հանձնում եմ ձեր դատին եւ ակնկալում շահագրգիռ քննարկում այս խմբի շրջանակներում: Գաղափարը թեեւ իր մտահղացմամբ այնքան հին է որքան քաղաքակրթությունը, սակայն իր կոնկրետության մեջ դեռ հում է եւ լիարժեքորեն կենսունակ դառնալու համար պետք է դեռ եփվի, լրամշակվի, հաշվարկվի, իսկ այն կենսագործելու համար հավելյալ քայլեր անհրաժեշտ կլինեն` բոլոր առաջադեմ եւ շահագրգիր մարդկանց ներգրավմամբ` Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում, ընդդիմադիր, իշխանական թե չեզոք: Սակայն ամեն ինչ սկսվում է ԲԱՆ-ից, որը ինչ որ իմաստով հենց գաղափարն է որ կա: Ուրեմն եկեք միասին ստեղծագործենք մեր հույսերի քաղաքը, Ապագայի քաղաքը, ապաեւ միասին այն կառուցենք:

Ստորեւ ներկայացվում են գաղափարի մանրամասնությունները. փորձել եմ լինել հնարավորինս հակիրճ: Տեղադրված նկարները պայմանական են եւ թող չխանգարեն Նոր քաղաքը նախեւառաջ ձեր երեւակայության մեջ կառուցելուն: Նկարչությունը եւ Նոր քաղաքի գծապատկերների, կամ երեւակայական տեսապատկերների տեղադրումը այս խմբի պատի վրա խրախուսվում են:
Անվան տարբերակներ. Լույսի Քաղաք, Արեւի Քաղաք, Արեւակերտ, Լուսավան, Հույսի Քաղաք, Հուսավան, Արշակավան, Եվրոպոլիս (այսուհետ ստորեւ` Քաղաք). Բոլոր նրանք, ովքեր կառաջարկեն Քաղաքն անվանակոչել «Ֆեյսբուք», կամ ավելի վատ` «Ֆեյսբուքիստան» — անմիջապես կհեռացվեն խմբից:

Բնակչությունը – 50.000-70.000 մարդ

Ուղղվածությունը – կրթա-գիտա-արտադրական կլաստեր

Տեղադիրքի 3 տարբերակ – ա/ Արագածոտնի մարզի Ուշի-Ափնագյուղ բնակավայրերի միջակայքում, բ/ Նոր Հաչըն-Եղվարդ ճանապարհին, գ/ Ֆանտան գյուղի մոտակայքում: Այլ տարբերակներ?
Կառուցվածքը – կրթա-գիտա-վարչական Կենտրոն (հայկական տիպի «Դաուն-Թաուն»` առանց երկնաքերերի), արտադրական հատված, սուբուրբանիզացված բնակելի գոտի (ննջարանային գոտի)`1-2 հարկանի բնակելի առանձնատներով, ուսանողական կամպուսներ եւ սոցիալական բնակարաններով երկհարկանի շենքեր:

Նպատակները –

1. մարդկային հոգեւոր եւ նյութական ներդաշնակություն ապահովող նոր կենսաձեւի ձեւավորում ՀՀ սահմանադրության եւ օրենքների շրջանակներում. «մարտահրավեր 21-րդ դարի մարտահրավերներին»,

2. Երեւանի բեռնաթափում եւ բնակչության ապակենտրոնացում էկոլոգիապես մաքուր տարածաշրջաններում եւ սեյսմակայուն բնակարաններում,

3. Գիտակրթական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտների զարգացման խթանում,

4. Արտագաղթի նվազեցում եւ սփյուռքահայության հայրենադարձության խթանում,

5. Նոր տուրիստական կենտրոնի հիմնում` տուրիզմի զարգացում (Քաղաքը իր ճարտարապետությամբ եւ բովանդակությամբ պետք է լինի այնպիսի նորաձեւ եւ բացառիկ, որ աշխարհի բոլոր տուրիստները ուզենան գոնե մեկ անգամ գալ եւ տեսնել այն, իսկ նրանցից շատերը ուզենան մշտապես բնակվել դրանում):

Աղերսներ – Քաղաքի գաղափարը որեւէ կապ չունի ո՛չ Թոմազո Կամպանելայի «Արեւի քաղաքի», ո՛չ Ֆրենսիս Բեկոնի «Նոր Ատլանտիդայի» եւ ո՛չ էլ Թոմաս Մոռի «Ուտոպիայի» հետ, իսկ սակավաթիվ զուգադիպությունները պատահական են:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Սա լինելու է ՔԱՂԱՔ եւ ոչ թե տեխնոպարկ, թեեւ իր մեջ կարող է ունենալ տեխնոպարկի սկզբունքով համախմբված կենտրոն/ներ:

Մշակույթը. Քաղաքը նախեւառաջ մարդիկ են եւ նրանց կենսակերպը: Քաղաքը ունենալու է նոր, 21-րդ դարին հարիր քաղաքային ուրույն մշակույթ, զերծ սպառողական եւ նյութապաշտական ծայրահեղություններից, կազինոներից, գիտելիքահեն հոգեւոր-ոգեղեն արժեքների, բնապահպանության գերակայությամբ: Քաղաքում ի սկզբանե բացառվելու է կոռուպցիան (քննարկենք, թե ինչպես): Քաղաքն ունենալու է իր հեռուստաընկերությունը, ուր քննարկումների միջոցով գեներացվելու են նոր մշակույթը եւ նոր կենսաձեւի մղող գաղափարներ:

Կառավարում. Քաղաք տեղափոխվող բնակիչները նախորոք պետք է պայմանավորվեն, որ որեւէ պարագայում չեն զիջելու քաղաքի իշխանությունը որեւէ օլիգարխի կամ որեւէ գործող կուսակցության: Բնակիչները ուղիղ ընտրություներով ընտրելու են իրենց քաղաքապետին եւ ավագանուն` բարոյական բարձր հեղինակություն ունեցող մարդկանց եւ ոչ թե թաղային հեղինակությունների կամ փողատերերի:

Ճարտարապետություն եւ քաղաքաշինություն. Հայկական նոր ճարտարապետության եւ քաղաքաշինության արևմտյան նորագույն տեխնոլոգիաների զուգակցմամբ կառուցված այս քաղաք-այգին իր ճարտարապետական եւ քաղաքաշինական լուծումներով պատասխան է տալու այն մարտահրավերներին, որոնց առջեւ կանգնած է 21-րդ դարի մարդը:

Քաղաքը համապատասխանելու է էկոլոգիական ամենախիստ չափանիշներին: Շենք-շինություները կառուցված են լինելու 10 բալանոց սեյսմակայունության հաշվարկով, էներգախնայող եւ թեթեւ նորագույն շինանյութերի եւ կոնստրուկցիաների կիրառմամբ, հաշմանդամների ազատ տեղաշարժի համար անհրաժեշտ բոլոր հարմարություններով, հանրային տրանսպորտի բացառապես էլեկտրական տեսակների առկայությամբ: Հեծանիվների համար նախատեսված հատուկ ճանապարհներով, մասնավոր էլեկտրամոբիլների անվճար լիցքակայաններով (քաղաքապետարանի բյուջեի հաշվին): Բենզինով աշխատող ավտոմեքենաների վրա դրվող բարձր էկոլոգիական քաղաքային հարկով (խրախուսվելու են գազով աշխատող մեքենաները):

Բնակելի տների կառուցման համար ցանկացողներին անվճար կտրամադրվի մի քանի ստանդարտ պրոյեկտներ: Սակայն անկախ ամեն բանից դրանց չափերը չեն գերազանցի 2 հարկը (կամ 1 հարկ + մանսարդա) եւ 150 ք.մ.-ը, իսկ տնամերձ հողատարածքները` 500 ք.մ.-ը:

Բնակիչներ. Քաղաք պետք է/կարող են տեղափոխվել բոլոր պետական բուհերը (կամ, որպես այլընտրանքային տարբերակ կառուցվելու է մեկ կամ մի քանի արեւմտյան հեղինակավոր/առաջատար բուհերի խոշոր մասնաճյուղ/եր), գիտահետազոտական հաստատությունները եւ այլն, տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի արտադրական ընկերությունները: Այս բոլոր հաստատությունների աշխատակազմին պետք է առաջարկվի համարժեք փոխանակում իրենց երեւանյան բնակարանների դիմաց, եւ/կամ ցածր տոկոսադրույքներով երկարաժամկետ հիփոթեկային վաճառք, կամ վարձակալություն: Գիտահետազոտական ինստիտուտների պետական աշխատավարձերը Քաղաք տեղափոխվելուց հետո պետք է եռապատկվեն, իսկ նարակառույց շենքերը հագեցվեն նորագույն լաբորատոր սարքավորումներով եւ անհրաժեշտ այլ պարագաներով եւ նյութերով:

Դեպի քաղաք խրախուսվելու է սփյուռքահայության ներգաղթը, այդ թվում` հատկապես երիտասարդության, դասախոսական կազմի, գիտաշխատողների եւ թոշակառուների:
Քաղաքի կառուցման նախահաշիվը եւ նրա տնտեսությունը. Ամենակոպիտ հաշվարկներով Քաղաքի շինարարությունը կարժենա 1,1-1,3 մլրդ դոլար, որից պետության ուսերին կընկնի ընդամենը 200-300 մլն դոլարը` որպես «չվերադարձվող» կապիտալ ներդրում, որը կուղղվի ենթակառույցների, ինչպես նաեւ դպրոցների, մանկապարտեզների, մարզահամալիրների, արվեստի օջախների շինարարության եւ կահավորման, սարքավորումներով հագեցման վրա:

Երեւանից տեղափոխվող բուհերի եւ ԳՀ ինստիտուտների շինարարության գումարը կփոխհատուցվի դրանց երեւանյան մասնաշենքերի վաճառքի հաշվին, մասնավոր բնակելի տները` լինելով ավելի էժան, կգնվեն/կվարձակալվեն/կկառուցվեն երեւանյան իրենց տները/բնակարանները վաճառած/վարձակալությամբ հանձնած նորաբնակների կողմից: Այլ բիզնես-ենթակառույցները կկառուցվեն բիզնես-ներդրումների հաշվին: Այդ նպատակով անհրաժեշտ է Քաղաքը հայտարարել Ազատ տնտեսական գոտի եւ առնվազն 10 տարով ազատել մի շարք հարկերից, այդ թվում` գույքահարկից, հողի հարկից եւ շահութահարկից: Հարկային, վարկային, ներդրումային մեխանիզմները եւս պետք է քննարկվեն եւ կարոտ են նոր ստեղծագործ մոտեցման եւ նոր առաջարկների:

Քաղաքը բաց է լինելու բոլոր այն այլազգիների համար, ովքեր պատրաստ կլինեն որոշակի գումարից (դիցուք` 300.000 եվրոից) ավելի ներդրումներ իրականացնել նրանում` քաղաքային իշխանություների կողմից հաստատվող նախագծերի վրա: Ավելին, քաղաքային իշխանությունների հիմնական գործառույթներից մեկն էլ լինելու է արտասահմանից եւ Հայաստանի այլ վայրերից ներդրումների ներգրավումը եւ խրախուսումը:

Exit mobile version